Рау
Ռաու

6-ая Годичная научная конференция РАУ «Армения за 20 лет независимости: уроки и перспективы»

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆ.
ՅՈՒՐԱՑՎԱԾ և ՉՅՈՒՐԱՑՎԱԾ ԴԱՍԵՐԸ

Մենք բոլորեցինք անկախ պետականության քսանամյա հոբելյանը, վերապրեցինք հայրենասիրական վերելքի 20-ամյա վաղեմության զգացմունքները, արտասանեցինք պահին համահունչ տոնական ճառերը: Ժամանակն է սակայն խոսել ԴԱՍԵՐԻՑ, քանզի կարծես թե մենք դեռևս լրջորեն չենք խորհել դրանց մասին և արդեն հասցրել ենք որոշ չափով հիասթափվել հեռանկարից:

ԴԱՍԵՐԸ ես թերևս կբաժանեյի երկու մասի. առաջինը՝ կդիտարկեյի այս նույն ժամանակահատվածում համամարդկային տեսանկյունից, և երկրորդը՝ պայմանավորված բուն հայաստանյան ընթացքով: Սկսեմ առաջինից.

ԴԱՍ ԱՌԱՋԻՆ.

Բոլոր տեսակի դժվարությունները, որոնք կազմեցին մեր անկախության ժամանակահատվածի առանցքը, մենք առաջին հերթին ակամայից հակված ենք վերագրել ԺԱՄԱՆԱԿԻՆ և այն հիմնավոր խնդիրներին, որոնցով առանձնացավ հենց այս ժամանակը: Կոպիտ վրիպում: Նախ, համաշխարհային պատմությունը չգիտէ որևէ դեպք, երբ հանրային երջանկության որակ է ստեղծվել միապաղաղ և կանխատեսելի առօրյայում, հասարակության և երկրների բեկումնային զարգացումները միշտ էլ հետևել են մարտահրավերներով լի ժամանակահատվածներին, երբ առարկայորեն դրված է լինում տվյալ սոցիումի կամ էթնոսի լինել՝ չլինելու հարցը, և երկրորդ. հանրային բարեկեցության բարձր չափանիշներին հնարավոր չէ հասնել առանց հասարակական համախմբվածության, որն՝ իր հերթին գոյանում է առավելապես համընդհանուր վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից: Եվս մի փաստարկ. բավարար է անկողմնակալ վերլուծության ենթարկել նույն այս քսանամյակում շեշտակի զարգացում ապրած երկրների օրինակները (Չինաստան, Մալայզիա, Ղազախստան,Կիպրոս), որպեսզի ընդունել. նրանց մարտահրավերները նվազ վտանգավոր կամ առավել բարենպաստ չեն եղել: Ինձ դուր է գալիս ամերիկյան գրող Նորման Մեյլերի այս արտահայտությունը. «Ժամանակները հազիվ թե լինեն ավելի վատը, քան մարդիկ»: ԵՎ այսպես. առաջին մեր համընդհանուր զարգացման օրինաչափություններից հետևող դասը հետևյալն է. ԺԱՄԱՆԱԿԸ ՈՉ ԹԵ ՄԵՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆ Է, ԱՅԼ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ և ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԸ:

ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ.

Քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգային հաջողված փոխակերպման պարտադիր պայման է սեփական պատմական, մշակութային, քաղաքակրթական արժեքների՝ նոր ժամանակահատվածին համապատասխանեցումը, այլ բառերով՝ ժողովրդի ԻՆՔՆԱՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ: Հանրային բարեկեցության ուղղությամբ ընթացող երկրները կարողացել են, հիմնվելով պատմությունից եկող արժեքների վրա կերտել այսօրվա ժամանակներին համապատասխանող կացութաձև, որի լավագույն դրսևորումն է արդար հասարակարգի ձևավորումը:

ԴԱՍ ԵՐՐՈՐԴ.

Զարգացման թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և այլ ուղղությունները հնարավոր չէ ապահովել առանց սոցիալական ԱՐԴԱՐ համակարգի առկայության: Հավասարություն՝ յուրաքանչյուրի իմացության պայմանների ապահովման, ամեն մեկի սեփական ունակությունների, գիտելիքների, տաղանդի դրսևորման հնարավորություններում, և ԱՐԴԱՐ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ՝ պայմանավորված հենց վերջիններով: Ուժի իրավունքը նման երկրներում բացառվում է:

ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ.

Չկա ընդհանրացված որևէ մոդել, որը արդյունավետության միևնույն չափով հնարավոր և կարելի լիներ օգտագործել տարբեր երկրներում: Հաջողված փորձի ամեն մի նմուշը առանձնաահատուկ է: Երջանկության մեխանիկան բացարձակ տարբեր է երկրից երկիր: Տնտեսության արդյունավետության սեփական բանալին առկա է անխտիր ԲՈԼՈՐ հաջողակ երկրներում:

ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ:

Որևէ հաջողված զարգացում հնարավոր չէ ապահովել առանց նպատակների ձևակերպման և դրանց հասնելու ճանապարհների նկատմամբ սոցիալական համախմբման: Պետության կառավարման ընտրված տարբերակի շուրջ նույնպես անհրաժեշտ է համաձայնություն՝ կոնսենսուս: Կարծում եմ, պարզ է, որ Հայաստանում նկատվող մասսայական արտագաղթի պարագայում խոսել համախմբման մասին անիմաստ է:

ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ.

Համընդհանուր անհատական և հասարակական բարեկեցության ապահովմանն ողղված տնտեսական համակարգ հնարավոր չէ ստեղծել ԱՌԱՆՑ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու: Իսկ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու ՄԻԱԿ ճանապարհը ռեգիոնալ մակարդակով ինտեգրումն է: Ելնելով մեր իրավիճակից, կարելի է պատկերացնել, թե որքան հեռու ենք մենք այս պայմանը իրագործելուց:

Այժմ անդրադառնամ բուն հայաստանյան ընթացքի առանձնահատկություններով պայմանավորված դասերին:

Ունենալով նախկին ԽՍՀՄ անդամ հանրապետությունների նկատմամբ բացահայտ առավելություն՝ ի դեմս ազգային-ազատագրական ղարաբաղյան շարժման միջոցով կոնսոլիդացված ժողովրդի, մեզ այդպես էլ չհաջողվեց քսան տարվա ընթացքում հասարակությանը առաջարկել կոնսոլիդացման այլ գաղափար: Ըստ որում, եթե անգամ ընդունենք, որ նպատակը բարեկեցիկ հասարակություն ստանալն է, մենք բացարձակ հեռու ենք այժմ այդ նպատակին հասնելու ուղիների նկատմամբ համախմբումից: Սա ԱՌԱՋԻՆԸ:

ԵՐԿՐՈՐԴ: ²յս քսան տարիների ընթացքում կառավարիչների հիմնական թիրախն է եղել, մի գուցե ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու և պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի առարկայացման, իսկ գուցե և Ցեղասպանության պատմական հիշողություննորի պատճառներով, հզոր պետական համակարգի ստեղծումը և իշխանական լծակների հնարավորին առավելագույնս կենտրոնացումը: Այս խնդիրը ընդունենք մասամբ լուծված, բայց չմոռանանք, որ ԱՌԱՆՑ երջանիկ կամ գոնե երջանկության ճանապարհը գիտակցված բռնած քաղաքացու անգամ հզոր պետականության արժեքը արժեզրկվում է: Կարևոր է հասկանալ նաև, որ անհատի երջանկության պայմաններից մեկն է երջանիկ և ընկերային, համագործակցային, փոխօգնության բարձր մակարդակի հասած հասարակության առկայությունը: Ահա թե ինչը պետք է լինի այլևս մեր կառավարիչների հիմնական թիրախը:

ԵՐՐՈՐԴ, լիբերալ տնտեսական համակարգի և դեմոկրատական քաղաքական ինստիտուտների կազմակերպման և մեզանում ներդրման մոդելը այլընտրանք չուներ: Սրա գիտակցումը անչափ կարևոր է: Երբեմն մեզ սկսում է թվալ, թե հարաբերականորեն բարվոք սովետական սոցիալիստական համակարգից անցումը շուկայականի կարող էր կատարվել նաև համեմատորեն անցնցում, ինչպես, օրինակ, կատարվեց և շարունակում է կատարվել Բելառուսում՝ տնտեսության պետական հատվածի գերակայության մոդելով: Նման ենթադրություններ անողներն հավանաբար մոռանում են, որ Սովետական Հայաստանի տնտեսական համակարգը կողմնորոշված էր հիմնականում ոչ վերջնական, այլ միջանկյալ արտադրանք արտադրելու վրա, որը հետագայում արտահանվում էր այլ սովետական հանրապետություններ՝ հիմնականում Ռուսաստան և ՈՒկրաինա՝ վերջնական սպառման ապրանք դառնալու նպատակով: Սովետական Միության փլուզման արդյունքում առաջացած տրանսպորտային հանգույցները, տարիֆների ազատականացումը և գների թանկացումը ստիպեցին նախկինում Հայաստանի հետ տնտեսական շղթայում գտնվող երկրներին այլընտրանքային արտադրություն կազմակերպել իրենց մոտ, հրաժարվելով այլևս հայաստանյան ծագում ունեցող միջանկյալ ապրանքներից: Պետության ձեռքերում տնտեսական վաղեմի հսկաների պահելը այս պայմաններում բացարձակապես իմաստազուրկ էր: Կրկնեմ. Տնտեսական ազատականացումը մեր երկրում 90-ականների սկզբին այլընտրանք չուներ: Ի վերջո դա նաև սփյուռքի ներգրավման անհրաժեշտ պայմանն էր:

Այլընտրանքը ձևավորվեց արդեն հետագայում՝ պետական կառավարման կուռ համակարգի ստեղծմանը զուգահեռ, և սա ևս բնական էր. քաղաքական և պետական համակարգերի կենտրոնացումը ուղղակի օբյեկտիորեն պահանջեց ֆինանսական հոսքերի կենտրոնացում, ինչն էլ իր հերթին բերեց ներկայիս օլիգարխիկ կլանային տնտեսության ձևավորմանը: Իմ գնահատմամբ, մեր վերջին 20-ամյա պատմության ընթացքում մենք մի անգամ ունեցել ենք հնարավորություն շեղվելու դեպի առավել արդար տնտեսական համակարգի հաստատում, վերադառնալու, ըստ էության, անկախության առաջին հատվածում հայտարարված լիբերալ տնտեսական արժեքներին՝ դա 2003 թվականն էր: Հնարավուրությունը, սակայն, չօգտագործվեց:

ՉՈՐՐՈՐԴ, ետպատերազմական շրջանում, այսինքն, 1994 թվականից սկսած, մեզանում հստակ արտահայտվեց, այսպես կոչված, Վյետնամական սինդրոմը, որը ձևակերպվել էր ամերիկյան քաղաքագիտության մեջ և նշանակում էր պատերազմից վերադարձող ռազմական գործիչների կամ պարզապես՝ «կռված տղերքի»՝ տնտեսական համակարգում և պետական ու քաղաքական մարմիններում նշանակալից դերակատարում ունենալու պահանջ: Վյետնամական սինդրոմը՝ որպես հետևանք, ազատ շուկայական մրցակցությունից հանեց բանակի առևտրային և տնտեսական սպասարկմամբ զբաղվող տնտեսության մի ստվար զանգված: Այս երևույթը հետագայում ոչ միայն չդադարեց, այլ նաև խորացավ՝ մարմնավորվելով, այսպես կոչված, ռազմատնտեսական օլիգարխիայի կերպարում:

ՀԻՆԳԵՐՈՐԴ, եթե Սովետական Հայաստանը, կարելի է ասել, հաղթանակած երկլեզվության հասարակարգ էր, ապա այսօրվա Հայաստանը ես կանվանեյի մարտնչող միալեզվության հասարակարգ: ԵՎ սա այն դեպքում, երբ ինտեգրման առաջնահերթությունը միանշանակորեն պահանջում է առնվազն երկլեզու հասարակություն: Աշխարհում չկա 3-միլիոնանոց բնակչություն ունեցող բարեկեցիկ միալեզու երկիր: Մեր պարագայում ակնհայտ է ոչ միայն ռուսերենին առաջին օտար լեզվի կարգավիճակի՝ օրենքով տրամադրման, այլ նաև եռալեզու հասարակության (ներառելով նաև անգլերենը) ձևավորման հրամայականը:

ՎԵՑԵՐՈՐԴ, տնտեսական ոչ արդյունավետ համակարգի գոյության պայմաններում սոցիալական համերաշխության իրավիճակին մոտենալու համար հույժ կարևոր է սոցիալական օժանդակության էականորեն պարզեցված և հասանելի քաղաքականության իրացումը, ինչպես նաև ազգաբնակչությանը խիստ հասանելի և պարզ կանոններով բժշկական ծառայությունների մատուցումը: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ և՛ կամավոր, և՛ պարտադիր ապահովագրական համակարգերի նկատմամբ գոյություն ունի համատարած անվստահություն, և այս իմաստով այնպիսի պարզ, հասարակ, և միևնույն ժամանակ խիստ դրական ակցիան, ինչպիսին է ծննդաբերության բուժսպասարկման և մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության անվճար կարգի հաստատումը և իրականացումը, ի զորու է միանգամից ավելացնել դեպի պետություն ժողովրդի վստահությունը և էապես նպաստել այնքան անհրաժեշտ հասարակական կոնսոլիդացիայի ձևավորմանը: Եթե մտաբերենք, թե այս ոլորտում զանազան կեղծ սոցիալական որակվող գործողությունների արդյունքում ինչքան պետական գումարներ են փոշիացվել, պարզ կդառնա կորսվածի ոչ միայն գումարային, այլ համակարգային ծավալը:

Նույն դրական շարքից էր նաև Երևանի քաղաքապետարանի այս տարի կայացրած որոշումը՝ մունիցիպալ մանկապարտեզները անվճար դարձնելու մասին. անգամ այն ծնողները, որոնք երբեք էլ չէին մտածել դրա մասին, սկսեցին օգտվել մանկապարտեզների ծառայություններից:

Այստեղ կարելի է թվարկել նաև ծննդաբերության խթանմանը ուղղված՝ ծնված երեխայի դիմաց ՀՀ Պետական բյուջեյից միանվագ վճարների իրականացման փորձը: Ցավոք, նման օրինակները շատ չեն:

ԵՎ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ, քսան տարիների ընթացքում մենք ոչ միայն գրեթե ոչինչ չենք ավելացրել մեր հսկայական մշակութային ժառանգությանը, այլ նաև իրականում կանգնած ենք դրա իսպառ ոչնչացման վտանգի առաջ: Հայ մշակույթում շարունակում է իշխել ճաշակից զուրկ կամայականությունը, կատարյալ վաքխանալիյան, որի պարագայում անգամ սակավաթիվ իսկական մշակույթ և արվեստ ներկայացնող ստեղծագործողները զրկված են պետական հովանավորությունից: Մինչդեռ ժամանակն է գիտակցել, որ ազգային համախմբվածության հասնելու լավագույն միջոց կարող էր և պետք է, որ հանդիսանար իսկական մշակութային արժեքների պահպանման և տարածման քաղաքականությունը, համաշխարհային կոնտեքստում մեր ժողովրդի լուսավորչական առաքելության իրականացումը:

Ահա սրանք են, իմ տեսանկյունից, մեր ամենակարևոր յուրացված և չյորացված ԴԱՍԵՐԸ, որոնց դիտարկումը թույլ կտա առավել նպատակային լինել ապագայում՝ չկորցնելու համար ՀԵՌԱՆԿԱՐԻ տեսլականը:

Շնորհակալություն: